Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2010

Ինչ պետք է գիտենալ մեղրի մասին

Ինչ պետք է գիտենալ մեղրի մասին

Բնական մեղրի սննդարար և բուժիչ հատկությունները մրցակից չունեն: Դարեր շարունակ մեղուներն ապշեցնում են նեկտարի և ծաղկափոշու բաղադրության մեջ մտնող հազվագյուտ արժեքավոր նյութերի իրենց «իմաստուն» ընտրությամբ, նյութեր, որ նրանք հավաքում են իրենց բյուրավոր թռիչքների ժամանակ:

 

Մեղրը կարող է լրացնել առօրյա սնուցման մեջ տեղ գտած ցանկացած բացը: Մեղրի սննդային արժեքներին քաջատեղյակ մարդիկ ավելի են հակված նրա կանոնավոր օգտագործմանը, քան նրանք, ովքեր մեղրի մասին ունեն բավական աղոտ պատկերացում:

 

Մեղրը բուրավետ, համեղ, մեծ կալորայնությամբ, բուժական հատկություններով օժտված սննդամթերք է: 

 

Մեղուները մեղրն արտադրում են մեղրատու բույսերի նեկտարից (ծաղկային մեղր), մեղրաբույր ցողից, որը գոյանում է ծառերի տերևների վրա կամ որոշ միջատների շաքարային արտադրանքից (ցողամեղր):

 

Ծաղկային և ցողային մեղրերը բնական ծագում ունեն: Սովորաբար մեղուները մեղրը կուտակում են մեղրամոմի մեջ, որտեղ այն հասունանում է: Այդ ընթացքում նրա մեջ պարունակվող ջրի քանակը պակասում է. տեղի են ունենում սախարոզայի փոխակերպում և մի շարք քիմիական գործընթացներ: Դրանից հետո մեղուները հասունացած մեղրը «կնքում են» մեղրամոմի կափարիչներով: Դա խորիսխամեղրն է, որը համարվում է առավել արժեքավոր մթերք: 

 

Մեղրի արժեքը որոշվում է նրա կալորայնությամբ (100 գ` 315-330 կկալ) և քիմիական բաղադրությամբ. որը ենթակա է զգալի տատանումների` կապված մեղրատու բուսականության տեսակից. մեղվաբուծարանի տեղանքից և կլիմայական պայմաններից: 

 

Մեղրի հիմնական բաղադրամասը շաքարի` գլուկոզայի (56%), ֆրուկտոզայի (37%) և սախարոզայի փոխակերպված խառնուրդն է: Բացի այդ, մեղրի բաղադրության մեջ մտնում են ջուր, հանքային նյութեր, օրգանական թթուներ, դեկստրին, ազոտական, բուրավետ և ներկող նյութեր, վիտամիններ, ֆերմենտներ, ծաղկափոշի, գրեթե 60 տարբեր նյութեր: 

 

Վիտամինների (B1, B2, B3, B6, PP, P, C, K, E) առկայությունը պայմանավորված է ծաղկափոշու պարունակությամբ: Օրգանական թթուները հանդես են գալիս խնձորաթթվի, լիմոնաթթվի, թրթնջկաթթվի, ֆերմենտները` ամիլազայի (դիաստազա), ինվերտազայի, կատալազայի և թթու ֆոսֆատազայի, հանքային նյութերը` կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, ֆոսֆորի, մանգանի, ալյումինի, պղնձի, արճճի, տիտանի, մոլիբդենի տեսքով և այլն: 

 

Մեղրի բուրմունքը պայմանավորված է եթերայուղով, գույնը` քլորոֆիլային, կարոտինային նյութերի տարրալուծմամբ: Բացի այդ, մեղրն օժտված է հակամանրէային և բուժական արտահայտված հատկություններով, որոնց շնորհիվ լայնորեն օգտագործվում է որպես հակաբորբոքային, մանրէասպան, ցավազրկող, հյուսվածքների վերականգնման գործընթացը խթանող, մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման միջոց: 

 

Նշելով մեղրի դրական հատկանիշները, չպետք է մոռանալ, որ այն կարող է դառնալ դյուրազգացության, ալերգիկ ռեակցիաների կամ օրգանիզմի ընդհանուր թունավորման պատճառ: Օրինակ, եթե սննդում օգտագործվում է հավամրգային բույսերի (ռոդոդենդրոն) ծաղկափոշու մեղրը, գարգանում են ալկոհոլային թունավորման ախտանիշներ (նողկանքի զգացում, փսխում, սառը քրտինք, էյֆորիա` հիվանդագին բարձր տրամադրություն), այդ պատճառով նման մեղրն անվանվել է ՙհարբեցուցիչ՚: Եթե այն 3 ժամ տաքացվի 80-90 ջերմասիճանի պայմաններում, կդառնա անվտանգ և ենթակա է օգտագործման:

 

Վերջին տասնամյակում լայն կիրառություն է գտել, այսպես կոչված` էքսպրես մեղրը, այսինքն այն, որն ստացվում է ինչպես մաքուր շաքարի օշարակով, այնպես էլ մրգային և բանջարեղենային սննդանյութերով, մեղվին տարբեր դեղախառնուրդներով (անտիբիոտիկներ, ջերմ իջեցնող միջոցներ), կաթով և այլ միջոցներով կերակրելու ճանապարհով: Նման մեղրը հաճախ անվանում են բժշկական և օգտագործում տարբեր ծագման սակավարյունությունների, վարակական հիվանդությունների, երիկամների և լյարդի, սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նպատակով: 

 

Եվ, վերջապես, գոյություն ունի արհեստական մեղր, որը պատրաստվում է առանց մեղուների մասնակցության` սախարոզայի փոխակերպմամբ (շաքարի օշարակի և կիտրոնաթթվի, աղաթթվի և այլ թթուների հետ եռացնելու ճանապարհով) կամ ձմերուկի, սեխի, դդումի, բազուկի, խաղողի և այլ մրգահյութերի գոլորշիացման եղանակով: 

 

Պարզ է, որ բնական մեղրն իր սննդարար հատկություններով շատ ու շատ անգամ գերազանցում է էքսպրես և արհեստական մեղրերին: Դա է պատճառը, որ դիետիկ սննդում օգտագործվող մեղրի բնական լինելու հանգամանքը շատ կարևոր է, հատկապես այն հիվանդությունների ժամանակ, երբ շաքարն արգելված է (օրինակ` շաքարախտի, աթերոսկլերոզի, արյան բարձր ճնշման, ճարպակալման դեպքում): 

 

Վաճառքում ավելի հաճախ հանդիպում է մեղրի տեսք ունեցող` փոխակերպված շաքարի (որին մասնակիորեն խառնում են բնական մեղր) կամ ճակնդեղի, օսլայի նման ծորող մեղր: Ցավոք սրտի, կեղծ կամ մաքուր լինելը պարզելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ փորձաքննություն, որը բավական աշխատատար ու բարդ գործընթաց է: Դրա համար պահանջվում են համապատասխան փորձագետ և պայմաններ: 

 

Տնային պայմաններում շատ խիստ սխալներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս կողմնորոշվել մոտավորապես հետևյալ կերպ: 

 

  • Չոր լավաշը մտցրեք մեղրի մեջ, եթե ավելի չորանա, ուրեմն մեղրը մաքուր է: 

  • Թղթի մի ծայրին բարակ շերտով մեղր քսեք և թուղթը վառեք: Եթե մեղրին հասնելով կրակը մարի` ուրեմն շաքարի խառնուրդ չկա: 

  • Շաքարը մեղրի մեջ չի հալվում: 

  • Մաքուր մեղրի կաթիլը եղունգի վրայից չպետք է հոսի: 

 

Եթե հնարավորությունները և միջոցները թույլ են տալիս, գնեք միայն խորիսխամեղր` անմիջապես մեղվաբուծական տնտեսությունից: 

Հեղինակ. Իննա Անտոնյան բ.գ.թ.
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ